Մայրաքաղաքի Աջափնյակ համայնքը նախկինում հայտնի էր իր մի շարք գիտահետազոտական ինստիտուտներով։ Այժմ դրանցից շատերը գործում են որպես այլ նշանակության կառույցներ։ Խորհրդային գիտահետազոտական հսկաներից մեկի՝ «Ալգորիթմ»–ի տարածքն այսօր «ալգորիթմասերներ»–ինն է։ Այստեղ խորհրդային տարիների նման գրեթե նույն թվաքանակով մարդ կա՝ ավելի քան 1000 աշխատող։ Բայց նախկին գիտահետազոտական ինստիտուտի 50 բաժինների փոխարեն այժմ շենքում տարածք վարձակալած ՏՏ ոլորտի 80 ընկերություններ են։
Բացվում է ծանր դուռը և հայտնվում ես խորհրդային տարիներին կառուցված ապաստարանում։
«Մենք հիմա «ԱյԹի պարկի» քաղապաստարանում ենք գտնվում։ Երևանում, բացի պետական նշանակության քաղապաստարաններից, գրեթե չկան նմանատիպ ապաստարաններ, որոնք ըստ էության բունկեր են, պաշտպանում են և՛ հակաօդային, և՛ հակաքիմիական հարձակումներից։ Ավելի քան 1000 մարդ կարող է տեղավորվել։ Քիմիական հարձակման դեպքում պահում ենք ջրի և չոր սննդի 7–օրյա ռեսուրս»։
«Այ Թի պարկը» խորհրդային տարիների հայկական հսկա «Ալգորիթմ» ինստիտուտի հետնորդն է։
Ժամանակին այն զբաղվում էր մերօրյա համակագիչների նախատիպ հանդիսացող էլեկտրոնային հաշվիչ մեքենաների սպասարկմամբ, պատվերներ էր ընդունում խորհրդային բոլոր հանրապետություններից՝ պատմում է ինստիտուտի հնաբնակ՝ ավելի քան 40 տարվա հաշվապահ Հասմիկ Կարապետյանը։
«Պերսոնալնի Է–Վե–Էմ /անձնական էլեկտրոնային հաշվիչ՝ հեղ./ մեքենաներ էին այն ժամանակ կոչվում, որոնք հիմա համակարգիչ են կոչվում։ Սպասարկում էին հիմնականում։ Եվ պակետի պրիկլադնիխ պրագրամ /կիրառական ծրագրերի փաթեթներ՝ հեղ./, էդպիսի արտադրանք էին ստեղծում, որ ծրագրավորման նման մի բան է։
Օրինակ, մեր 2–րդ հարկը, մե՜ծ տարածք էր, էդ ամբողջ տարածքում մի հատ մեքենա էր տեղադրած։ Է՜ն պատերի տակով։ Եվ դրանց ամեն մեկի մեջ 5 կգ ոսկի կար։
Իմիջիայլոց, փակ հրիմնարկ էր։ Էստեղ պիտի աշխատեին միայն էնպիսի մարդիկ, որոնք արտասահմանի հետ կապ չունեին։ Աշխատավարձերը բարձր էին, զրո կարգ էր, էն ժամանակ զրո կարգն ամենաբարձր աշխատավարձն էր»։
Այսօր «Ալգորիթմի» շենքում խորհրդային տարիների նման գրեթե նույն թվաքանակով մարդ կա՝ ավելի քան 1000 աշխատող։ Բայց նախկին գիտահետազոտական ինստիտուտի 50 բաժինների փոխարեն այժմ շենքում տեղակայված են տարածք վարձակալող ՏՏ ոլորտի 80 ընկերություններ։
2003 թվականից գիտահետազոտական ինստիտուտի կառավարումն անցավ հայաստանյան CIT տեխնոլոգիական կազմակերպությանը, որի հիմնադիր Գագիկ Կարապետյանն այժմ բիզնես կենտրոնի տնօրենն ու բաժնետերերի խորհրդի նախագահն է։
«Քանի որ CIT–ը միկրո էվ–էմ–ների հետ էր աշխատում՝ էս փոքր մեքենաների, մենք սկսեցինք արդեն Intel-ով և այլ պրոցեսորներով համակարգիչներ հավաքել և վաճառել Հայաստանում։ Ունեինք հոսքուղի, հոսքուղու վրա էինք հավաքում։
Մենք կարողացանք ապահովել շարունակականությունը, որովհետև մինչև 2009 թիվը CIT–ը ակտիվ գործունեություն էր տանում։ Դրանից հետո պահանջարկը քչացավ, շուկան սկսեցին գրավել ու մենք անցանք արդեն բիզնես կենտրոնի ստեղծման գործին»։
Այսօր «Այ Թի պարկ» բիզնես կենտրոնը գործում է խորհրդային հայտնի գիտահետազոտական ինստիտուտի 3 մասնաշենքերում։ Դրանցից գլխավորը շահագործման է հանձնվել 1982թ.-ին։ Արտասովոր խոշոր ու կլոր պատուհաններով կառույցի նախագծողը վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանն է։ Մարքեթինգի բաժնի ղեկավար Վահագն Խալաֆյանի խոսքով՝ ճարտարապետական արժեք ունեցող շենքի կյանքը երկարաձգելու համար առաջիկայում հանդես կգան հատուկ առաջարկով։ Եթե էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես խոստացել է, հետևողական լինի ընկերությունների համար սուբսիդավորվող պարտատոմսերի թողարկման հարցում, իրենք կօգտվեն առաջարկից։
«Հիմա մեր ընկերությունը փակ բաժնետիրական է, բայց մենք բաց ենք ներդրողների համար ինչպես բաժնեմասային մասնակցությամբ, այնպես էլ պարտատոմսերի։ Շենքի վերակառուցման մասով մենք ծրագրում ենք պարտատոմսեր թողարկել։ Մեր նախնական հաշվարկով՝ մինչև 3 միլիոն դոլարին համարժեք դրամ է լինելու այդ ծախսը։ Երբ վերակառուցենք շենքը, պահպանելով ճարտարապետությունը, այն կշարունակի էլի արժեք ստեղծել»։
Խորհրդային ժամանակներից մնացած սենյակներից շատերի կողպված դռները սեփականատերը սկսել է բացել 2018 թվականից։ Դրա հաշվին աճել են վարձակալական եկամուտները։ 2020 թվականին աճը կազմել է 18%, 2021–ին՝ 21%, իսկ 2022–ին՝ 23%։
Ընկերության մյուս ծրագիրն էլ ՏՏ աշխարհին հարիր կանաչ տեխնոլոգիաներով նոր մասնաշենքի կառուցումն է։ Ֆինանսավորողի հետ բանակցություններն ընթացքի մեջ են։
«Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկն է, որը հետաքրքրություն է դրսևորել։ Հիմա անհրաժեշտ են նաև այլ կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են ներդրումներով։ Եթե ամեն ինչ հաջող գնա, 4 տարի անց դա կլինի»։
Այ Թի պարկը գտնվում է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում։ Նույն համայնքում են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու TFC տեխնոհաբը։ Քարտեզին նայելիս՝ 3 կառույցները ձևավորում են եռանկյուն։ Զրուցակիցներիս համոզմամբ՝ սա լավ հնարավորություն է Աջափնյակն «այթիականացնելու» համար։